«Այսօր Սոչիում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը հայկական կողմի համար խաղաղության ճանապարհ է, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին»,- հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նշելով, որ լուրջ պայմանագիր այսօրվա հանդիպման ընթացքում հազիվ թե կնքվի, նա, սակայն, կարծիք հայտնեց, որ Մայնդորֆյան հռչակագրի նման փաստաթղթի ստորագրում լիովին հնարավոր է։ «Փաստաթուղթ, որի ընդունումից հետո կսկսվեն տարածքների վերադարձի հետ կապված հարցերի քննարկումներ, չի կնքվի, քանի որ մինչեւ դրան հասնելը դեռ շատ ջրեր կհոսեն»,- կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ այս տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջեւ շրջանակային համաձայնագիր կնքվի, Ռ. Զոհրաբյանը կասկածանք հայտնեց, միեւնույն ժամանակ նշելով, որ «կարելի է հուսալ»։