Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիի մերձակա Կրասնայա պոլյանայի նստավայրում շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ բանակցությունները՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:
Ինչպես Սոչիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ներկայումս նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախագահների եռակողմ հանդիպումը սկսվել էր Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում տեղական ժամանակով ժամը 12-ին (Երեւանի ժամանակով ժամը 13-ին):
Բանակցություններից հետո երկրների ղեկավարները մտադիր են ձնագնաց քշել:
Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլերի օդանավակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ:
Եռակողմ հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Նախկինում ՌԴ նախագահի միջնորդությամբ նման ձեւաչափով կայացել է հինգ հանդիպում: Վերջինը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Քիշնեւում: Իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին կայացած առաջին հանդիպման արդյունքներով ընդունվել է Մայնդորֆյան հռչակագիրը, որը կոչ էր անում կողմերին վերականգնել երկխոսությունը ժողովուրդների միջեւ եւ հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական միջոցներով:




























