Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունվարի 25-ին Սոչիում, եռակողմ հանդիպման ժամանակ մշակել են Մադրիդյան սկզբունքների՝ այսպես կոչված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, պրեամբուլա:

Փաստաթղթում, ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներառված են ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները: Միեւնույն ժամանակ, վկայակոչելով բանակցությունների գաղտնիությունը, նախարարը չի պատասխանել, թե ինչն է այդ պրեամբուլայի էությունը: « Բանակցությունները վերացական հունից տեղափոխվեցին իրական հուն, եւ ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած բոլոր առաջարկությունները մանրամասն քննարկվել են հանդիպմանը»,- հայտարարել է նա: Նրա խոսքով, կարեւոր է, որ կա հակամարտության կարգավորման պայմանների ընդհանուր գիտակցում, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Լավրովը նշել է նաեւ, որ եռակողմ բանակցությունները նպատակ ունեն օգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: