Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում հաստատել է կազմակերպությունում բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները՝ բացառությամբ Հայաստանի եւ Ալբանիայի պատվիրակությունների:
Լիազորությունների քննարկման ժամանակ խորհրդարանականները հայտարարել են, որ «Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակության ձեւավորման կանոնները»՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունեն այդ ձեւակերպման տակ:
Որոշում է կայացվել մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ այդ երկրների վերաբերյալ հարցը հինգշաբթի քննարկելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տեղեկատվության հավաստիությունն NEWS.am-ին հաստատեցին նաեւ Հայաստանի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը հաստատվել էր հունվարի 15-ին՝ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից:
ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից հանել էր ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվել է Ստարբուրգում, հունվարի 25-ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 29-ը:




























