Հունվարի 26-29-ը Երեւանում անցկացվելու է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում — 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ համաժողովը զորավարժության պլանավորման չորս փուլերից երկրորդն է: Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009 թվականի նոյեմբերին, Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում (Չեռնոգորիա): Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010 թվականի սեպտեմբերին՝ Գերմանիայում եւ Ռումինիայում:

Երեւանյան համաժողովին կմասնակցեն կապի ոլորտի շուրջ 300 մասնագետներ՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 34 երկրներից եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից:

«Համատեղ ձգտում» զորավարժությանը Հայաստանը մասնակցում է 2002 թվականից: