Հունվարի 18-ից ի վեր Թուրքիայի արտաքին քաղաքական հայտարարությունների առանցքում ընկած են ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման ինքնատիպ մեկնաբանությունները: Թուրքիայի վարչապետի, արտգործնախարարի ու խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ելույթներում առկա հակասությունները, անորոշ երկիմաստությունը եւ ընդդիմադիրների հարակից հայտարարություններն արտացոլում են Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ թուրքական քաղաքական վերնախավի ցուցաբերած երկրորդական վերաբերմունքը: Թուրքական աղմուկը նաեւ ապացուցեց, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի «հետեւողականությունը» ծառայում է որպես միջոց Ադրբեջանին «քաղաքական հավասարման» մեջ պահելու համար:

Վերջին դրվագը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ թեեւ Թուրքիային չի բավարարում Կարսի պայմանագրի կարգավիճակը, սակայն նա ավելի դժգոհ է այն միջանկյալ պայմանագրով փոխարինելու կամ նրա իրավականությունը մեկնաբանելու հեռանկարից, որի մասին անուղղակի ակնարկներ կարելի է գտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Վերջին դիվանագիտական դեմարշը երեւան բերեց թուրքական կողմի շահերի գերակայության (hierarchy of interests) անկայուն բնույթը, որը խնդրահարույց է հենց թուրքերի համար:

Թուրքիայի դիրքորոշման պոռթկումն անհիմն է բազմաթիվ առումներով, սակայն Էրդողանի դիրքորոշման հիմքում ոչ պակաս նշանակություն է ունեցել այն հանգամանքը, թե ինչպես է Սահմանադրական դատարանի դերն ընկալվում Թուրքիայում: Վերջինիս խիստ քաղաքականացված բնույթի մասին բազմիցս է խոսվել, սակայն Էրդողանի խորհրդականները պետք է որ իրենց ղեկավարին տեղեկացնեին Հայաստանի օրենսդրության առանձնահատկությունների, հատկապես միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգերի մասին:

Հայաստանի օրենսդրական դաշտի ու իրավահարաբերությունների մասին Թուրքիայում առկա թերի ու հատվածական ընկալումներն, անշուշտ, հնարավոր է վերականգնել, սակայն առավել մտահոգիչ են թուրքական դիվանագիտության աշխատանքի մեթոդները, որոնք արժեզրկված են ու անընդունելի 21-րդ դարում: Հետեւաբար, Հայաստանում թուրքական դիվանագիտության մասին հնչող դիֆերամբներ արտահայտելուց առաջ պետք է տարբերակել դիվանագիտությունն ու նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու քաղաքականությունը, խաբեությունը, անսկզբունքայնությունը, կեղծիքը եւ քաղաքական վարքի արգահատելի դրսեւորումները: Հայաստանը չի կարող դիտվել որպես թուրքական դիվանագիտության հնամաշ մեթոդների վերակենդանացման փորձադաշտ:

Թուրքական դիվանագիտությունը երբեք էլ աչքի չի ընկել ճգնաժամերին խելամիտ արձագանքելու ձիրքով, առավել եւս, որ դրանք ուղեկցվում են անհետեւողական ու կարճաժամկետ օգտագործման հայտարարություններով: Դրա վառ օրինակն էր 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը նախորդած ճգնաժամ-ծուղակը: Սեփական պատմության աղավաղված ընկալման արդյունքում, անցյալի ու ապագայի միջեւ ապակողմնորոշման համատեքստում թուրքական դիվանագիտությունն առավել ունակ է սայթաքումների:

Վերջին շաբաթվա գործընթացները նաեւ ցույց տվեցին, որ թուրքական կողմն ընդունում է, թե անընդունակ է եղել պատշաճ կերպով կատարելու Հայաստանի հետ մերձեցման քաղաքականությունից բխող ու ի սկզբանե ստանձնած պարտավորություններից մեկը` թուրքական հասարակության դրական տրամադրումը Հայաստանի հետ մերձեցման գործընթացին: Այդ փաստարկի ապացույցն են մերձեցման կողմնակիցների նվազման մասին հասարակական կարծիքի հարցումները, որոնք պարբերաբար հրապարակվում են Թուրքիայում:

Ներքաղաքական խորացող լարվածությունը, ինքնատիպ պարբերականությամբ բացահայտվող ռազմական հեղաշրջումների շարքը, երկրում իրականացվող սահմանադրական ու քաղաքական բարեփոխումների ուղղությամբ իշխող կուսակցության իրար հաջորդող ձախողումները, Եվրաինտեգրման գործընթացի ընդլայնման հաշվին արաբական աշխարհի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ աննախադեպ շեշտադրումը Թուրքիայի գործընկերներին կանգնեցրել են լրջագույն ընտրության առջեւ: Դավութօղլուի «ռիթմիկ արտաքին քաղաքականությունն» սկսել է առիթմիայի դրսեւորումներ ունենալ, որն ուղեկցվում է ներքաղաքական դաշտում իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի, առավել քան երբեւէ, թույլ դերակատարմամբ: ԱԶԿ-ն դեռ ունի հնարավորություն վերականգնելու իր կարեւոր դերակատարումը եւ դա հարկավոր է անել ռազմավարական քայլերի միջոցով, այլ ոչ թե Էրդողանի խարիզմայի մասին չարչրկված թեզերով…

Վահրամ Տեր-Մաթեւոսյան, թուրքագետ

Բերքլիի համալսարան, Կալիֆորնիա