Շվեյցարիան հավատարիմ է մնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու քաղաքականությանը: Այդ մասին ադրբեջանական «APA»-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից: «Մենք անհամբեր սպասում ենք արձանագրությունների վավերացմանը: Այդ քայլը ճանապարհ կբացի փաստաթղթերով նախատեսված մյուս քայլերի համար»,- ասել են ԱԳՆ-ից:
Ինչ վերաբերում է պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը՝ փաստաթղթերը չուղարկել խորհրդարան՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել այն: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդությունը Շվեյցարիայի ընդհանուր քաղաքականությունն է, եւ մենք զերծ կմնանք այդ հարցին առնչվող ցանկացած դրվագ մեկնաբանելուց",- ասել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՍԴ-ն հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրությունները ճանաչեց որպես Սահմանադրությանը համապատասխանող: ՍԴ որոշման ամբողջ տեքստը, ըստ թուրքական կողմի, որոշ նախապայմաններ է պարունակում, որոնք հակասում են արձանագրությունների տառին եւ ոգուն եւ կասկածի տակ են դնում արձանագրությունների հետագա քննարկման նպատակահարմարությունը:




























