ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի՝ երեկ Սոչիում արած հայտարարությունն այն մասին, թե Երեւանը եւ Բաքուն մոտակա երկու շաբաթների ընթացքում պետք է իրենց առաջարկություններն անեն Մադրիդյան փաստաթղթի դեռեւս չհամաձայնեցված կետերի առնչությամբ, ոչ մի կերպ չի կարելի իբրեւ ճնշում դիտել կողմերի վրա։ Նման միտք նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նշելով, որ ինքը տրված երկու շաբաթ ժամկետը չէր ցանկանա իբրեւ «ճնշում» որակել, նա նշեց, որ դա ավելի շուտ միջազգային հանրության ձգտումն է՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծված տեսնել։ «Եթե հայտարարության մեջ կոնկրետ ժամկետներ են նշվում, դա դեռ չի նշանակում, որ խոսքը ճնշումների մասին է։ Դա պարզապես նշանակում է նշված ժամկետներում ներկայացնել սեփական դիրքորոշումներն ու տեսակետները։ Իսկ սեփական տեսակետներ հակամարտող երկու կողմերն էլ ունեն, որոնք, ի վերջո, պետք է համաձայնեցվեն»,- նշեց Սամվել Նիկոյանը։
Հարցին, թե տրված ժամկետներում հատկապես ի՞նչ առաջարկներով կարող է հանդես գալ հայկական կողմը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ «մեր համար գոյություն ունեն սկզբունքներ, որոնցից հայկական կողմը չի կարող շեղվել՝ Լեռնային Ղարաբաղի ինքորոշման իրավունքի պաշտպանություն, Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ցամաքային կապի առկայություն, ԼՂ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում»։
«Այս հարցերում Հայաստանը զիջումների եւ քննարկումների չի կարող գնալ»,- ամփոփեց Սամվել Նիկոյանը։




























