Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի արարողակարգի հանձնաժողովը հունվարի 26-ին կայացած նիստում հաստատել է հայկական պատվիրակության լիազորությունները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց խորհրդարանի աղբյուրը:
Խորհրդարանական արարողակարգը նախատեսում էր հարցի քննարկում նախ Հանձնաժողովի կողմից, որից հետո, եթե այն դրական պատասխան չտար, հարցը քննարկվելու էր լիագումար նիստի ժամանակ, նշեց աղբյուրը: Տվյալ դեպքում հայաստանյան պատվիրակության հարցը կմտնի նիստի օրակարգ, եթե հաստատում ստանա: Այսպիսով, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները կշարունակեն իրենց աշխատանքն արդեն նորմալ հունով:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանի առաջին օրը՝ հունվարի 25-ին հաստատել էր բոլոր ազգային պատվիրակությունների կազմերը՝ բացառությամբ հայկական եւ ալբանական պատվիրակությունների: Քննարկման ժամանակ խորհրդարանականները հայտարարել էին, թե «Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակությունների ձեւավորման ընթացակարգը»՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունեն այդ ձեւակերպման տակ:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը փոխվել էր հունվարի 15-ին: Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակության մշտական կազմից հանել էր «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները:




























