NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, անցած տարվա հոկտեմբերին «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովը հայտարարել էր Հայաստանում ռուս-հայկական նորարարական կենտրոնի ստեղծման մասին, որը գործելու է Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի հիման վրա: Ո՞ր փուլում է գտնվում այդ նախագիծը:

Ինչպես սպասվում է, ռուս-հայկական նորարարական կենտրոնը կսկսի գործել արդեն ընթացիկ ամսում։ Կենտրոնի աշխատակազմի թիվը դեռեւս մեծ չէ, սակայն հետագայում, ամենայն հավանականությամբ, կավելանա։ Նշեմ, որ նմանօրինակ կենտրոնի ստեղծման հարցը երկու երկրների նախագահները բարձր մակարդակով քննարկել էին ավելի վաղ, ինչին հետեւել էին մեր կառավարությունների երկարատեւ քննարկումները։ Ավելացնեմ նաեւ, որ կենտրոնի ստեղծմանը մեծ աջակցություն է ցուցաբերել մեր հայրենակից, միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը։ Բոլոր այս քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել Հայաստանի մայրաքաղաքում նմանօրինակ կենտրոնների ստեղծման առաջին պիլոտային ծրագրի գործարկման վերաբերյալ։

Ինչո՞ւ է այս ծրագրի իրագործման համար ռուսական կողմը ԱՊՀ երկրների շարքում ընտրել հատկապես Հայաստանին։ Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահմաններ չունենք, տարածքային եւ բնակչության թվի առումով մեր միջեւ հսկայական տարբերություն կա…

Չմոռանանք, որ ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանն ավանդաբար առաջին տեղերից մեկն էր զբաղեցնում հազար մարդու հաշվարկով ունեցած գիտնականների թվով։ Իսկ դա խոսում է մեր երկրի գիտական հզոր ներուժի մասին։ Այնպես որ, տարածքի եւ բնակչության թվի գործոններն այստեղ զգալի դեր չեն խաղում։ Ցավոք, մեր տաղանդավոր գիտնականների մի մասը ավելին վաստակելու համար մեկնել եւ աշխատանք են գտել արտերկրում։ Սակայն հույս կա, որ այս նախագծի իրականացմամբ նրանցից շատերը կվեադառնան հայրենիք։ Առավելություններ ունի նաեւ երկրի տարածքի փոքր լինելը։ Այդ դեպքում ուսումնասիրություններ իրականացնելն ավելի հեշտ կլինի։

Իհարկե, նախագիծը չի սահմանափակվի միայն Հայաստանով։ Հեռանկարում նմանօրինակ կենտրոններ կբացվեն նաեւ ԱՊՀ այլ երկրներում, ինչպես նաեւ Գերմանիայի մայրաքաղաքում։ Այս ամենը կպարզվի հայաստանյան պիլոտային ծրագրի գործարկումից հետո։

Կա՞ն կոնկրետ ծրագրեր, որ պատրաստվում է իրականացնել ռուս-հայկական կենտրոնը։ Եւ արդյո՞ք նրա գործառույթները սահմանափակվելու են միայն նորարարական ծրագրերով։

Երկու-երեք ծրագրեր կան նանոնյութերի ոլորտից։ Սակայն դեռեւս վաղ է կոնկրետացնել ծրագրերի փաթեթը։ Ռուսական կողմը մեզ ծրագրեր կառաջարկի, մենք կդիտարկենք, թե որքանով են դրանք նպատակահարմար ներդնել Հայաստանում։ Բնական է, որ սրանով կենտրոնի գործառույթները չեն սահմանափակվի։ Օրինակի համար, հայ երիտասարդ գիտնականների համար գիտական մենեջմենթի դասընթացներ կկազմակերպվեն, որոնք կանցկացվեն ռուս մասնագետների կողմից։ Գաղտնիք չէ, որ գիտական շատ ուսումնասիրություններ գործնականում կիրառություն չեն գտնում ոչ ճիշտ մենեջմենթի պատճառով, ինչը վատ է անդրադառնում Հայաստանում գիտության կոմերցիալիզացիայի վրա։

Որքանով հայտնի է, ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանում նորարարական ծրագրեր չեն իրականացվել։

Դուք ճիշտ եք։ Պատճառը շատ պարզ է. նմանօրինակ ուսումնասիրություններ չեն իրականացվել ֆինանսական միջոցների բացակայություն պատճառով։ Չէ՞ որ նորարարական ծրագրերը, եկամտաբերության տեսանկյունից, «ռիսկային» խմբի մեջ են մտնում։ Օրինակի համար, հարյուր նորարարական ծրագրերից գիտական փորձաքննությունն անցնում են տասը, իսկ արդյունավետ լինում է միայն մեկը։ Բայց նրա իրացումից ստացված եկամուտները թույլ են տալիս հանել բոլոր ծախսերը։

Հայաստանում վաղուց արդեն բիզնես-միջավայր է ձեւավորվել։ Գլոբալիզացիայի պայմաններում հրատապ է դառնում հայրենական ապրանքների ու ծառայությունների մրցունակության բարձրացումը։ Կնպաստի՞ արդյոք դա նրան, որպեսզի տեղական գործարարներն ուշադրություն դարձնեն գիտությանը։

Ցավոք, հայրենական բիզնեսը դեռեւս չի «հասունացել», որպեսզի ֆինանսավորի իր համար կարեւոր գիտահետազոտական աշխատանքները։ Տեղական գործարարները ղեկավարվում են որքան հնարավոր է շահույթ ստանալու մղումով՝ այսօր գումար են ներդրել, վաղն արդեն ուզում են եկամուտ ունենալ։ Այնպես որ, այս մասին չարժե խոսել։ Սակայն ռուս-հայկական նորարարական կենտրոնի ստեղծմամբ նորարարական ծրագրերի ներդրման հարցը, ինչպես սպասվում է, կլուծվի։ Չէ՞ որ ռուսական կողմը մեզ իր հսկա շուկան է խոստանում։

Գիտության հարցերով պետական կոմիտեն վերջերս է ստեղծվել։ Կա՞ն արդյոք օրենսդրական դաշտում գիտության ոլորտի աշխատանքներին խոչընդոտող բացթողումներ։ Ասենք, հենց նորարարությունների ոլորտում։

Այս հարցը շատ հրատապ է։ Բնական է, որ ավելի վաղ ընդունված օրենքները, կառավարության որոշումներն ինչ-որ առումներով չեն նախատեսել մեր կազմակերպության գործառույթները։ Օրինակի համար, կարծում եմ, որ օպտիմալ չեն Գիտության հարցերով պետական կոմիտեի եւ էկոնոմիկայի նախարարության գործառույթների սահմանափակումները։ Ինչպե՞ս են նախարարության մասնագետները գիտական նախագծերի փորձաքննություն անցկացնելու, պարզ չէ։ Բացի այդ, այս փորձաքննությունների համար նախարարությանը պետբյուջեից միջոցներ չեն տրամադրվում։ Այս հարցերը կարգավորման կարիք ունեն։