Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն հայկական կողմը նույնպես քայլեր է ձեռնարկում եւ պաշտպանական գիծը շատ լավ պատրաստված է: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ հարձակվողն ավելի շատ է կորուստներ կրում եւ պատերազմի ժամանակ բարոյական գործոնը ոչ պակաս կարեւոր է, քան ուժի գործոնը։ Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։
Նա նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը լրջորեն մեծացրել է ռազմական ծախսերը. զանգվածային զենքի գնման պայմանագրեր են կնքվել, Ադրբեջանն սկսել է արտադրել իր սեփական անօդաչու թռչող սարքերը եւ իր հրազենը։ Սա խոսում է այն մասին, որ երկիրն ակտիվ ռազմական պատրաստություն է տեսնում, եւ ինչ-որ ժամանակ կօգտվի դրանից ռազմական գործողությունների ժամանակ։ «Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր պատերազմի եւ դրա բոլոր բաղադրիչները կան»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ ունի Ադրբեջանը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, փորձագետը հայտարարել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակում «չեն ծիծաղում» ադրբեջանական զորքերի վրա, եւ սա խոսում է այն մասին, որ հայ զինվորականները լրջորեն են գնահատում այն:
«Հայկական կողմը եւս միջոցներ է ձեռնարկում, եւ այդ հատվածում պաշտպանական գիծը շատ լավ է պատրաստված։ Միեւնույն ժամանակ ռազմական հակամարտության ժամանակ կարեւոր է բարոյականության գործոնը»,- ասել է նա՝ օրինակ բերելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմն, երբ Վրաստանն, որը տիրապետում էր ժամանկակից զենքերի, պարտություն կրեց։
Նա նշել է, որ Ռուսաստանը եւս շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմամբ։ «Բայց ակնհայտ է, որ , երբ կողմերը համաձայնության գալ չեն կարողանում, ռազմական գործողությունների հնարավորությունը մեծանում է։ Դա քաղաքական գործիչների ընտրությունն է, բանակը կատարում է գլխավոր հրամանատարի հրամանները։ Այստեղ ամեն բան կախված է քաղաքական գործիչների ընտրությունից»,- ասել է մասնագետը։
Մեկնաբանելով այն կարծիքը, որ նոր ղարաբաղյան պատերազմը առաջինի նման երկար չի տեւի, ռուս փորձագետը հիշեցրեց Հայաստանի Գլխավոր շտաբի հայտարարությունները, որոնք հավաստիացնում են, որ նոր պատերազմի դեպքում նրանք մտադիր են գործել ավելի հաստատուն, եւ չեն բավարարվի միայն Լեռնային Ղարաբաղի գործողություններով։ Փորձագետի խոսքով՝ պատերազմը չի ավարտվի 2-3 շաբաթվա ընթացքում, քանի որ կողմերը կուտակել են լուրջ հնարավորություններ եւ լավ են պատրաստվել։





























