NEWS.am-ը ներկայացնում է 2012 թ. ՏՏ ոլորտի 10 կարեւորագույն իրադարձությունների սեփական տարբերակը.
1. «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսները վերջին տարիներին հայկական ՏՏ ոլորտի կարեւորագույն իրադարձություններն են, ուր խտանում է տվյալ տարում ոլորտի ողջ ներուժը: «ԴիջիԹեք 2012»-ը աչքի ընկավ ռեկորդային մասնակիցներով եւ այցելուներով՝ 120 մասնակից եւ 24 հազ. այցելու: Այն անցկացվեց հոկտեմբերի 5-7-ին, «Երեւան էքսպո» սրահում:
2. «ԱրմԹեք 2012» տեխնոլոգիական համաժողովն այս տարի տեղի ունեցավ ԱՄՆ Սիլիկոնային հովտի Սթենֆորդի համալսարանում, դեկտեմբերի 10-11-ին: Համաժողովն ունեցավ մի քանի կարեւոր արդյունքներ: Նախ, Հայաստանը Սիլիկոնային հովտում բացեց ներկայացուցչություն: Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարության հետ մի քանի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ Հայաստանում չիպերի գործարանի կառուցում («Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից), «Ինթելի» գիտահետազոտական կենտրոնի հիմնում:
3. Էլեկտրոնային կառավարում: Վերջին 2 տարում Հայաստանն արդեն էլեկտրոնային կառավարման 15 համակարգ է ներդրել՝ իրավաբանական անձանց եւ ավտոմեքենաների առցանց գրանցում, էլեկտրոնային ստորագրությունների տրամադրում, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընդլայնում եւ այլն: Այս տարվա դեկտեմբերի 3-ին մեկնարկեց էլեկտրոնային բարեփոխումների մեկ այլ խոշոր ծրագիր, որով նախատեսվում է եւս 7 համակարգերի ներդրում: Նախատեսվում է թվայնացնել արխիվները, ներդնել էլեկտրոնային առողջապահական համակարգ, ստեղծել էլեկտրոնային հյուպատոսություն, շինարարական թույլտվությունների առցանց ամրագրում եւ այլն;
4. Անօդաչու թռչող սարքեր: Հայաստանում առաջին անգամ նախաձեռնվեց անօդաչու թռչող սարքերի մրցույթ: Մրցույթի նախնական փուլը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին; Մրցույթի հայտարարման հենց սկզբից Ադրբեջանում բավական նյարդային արձագանքներ եղան: Համարվում է, որ Հայաստանն ի վիճակի է արտադրել միջազգային շուկայում մրցունակ անօդաչու թռչող սարքեր:
5. Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Բաց խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների բաց առաջնության մրցանակաբաշխությունը: ՏՏ ոլորտի առեւտրայնացմանը նպաստող կարեւոր եւ հաջողված նախաձեռնություններից է:
6. Չորրորդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցել են շուրջ 30 կազմակերպություններ, այդ թվում՝ 5 վրացական: Համաժողովի ընթացքում «ԱրմենՏել» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունները ներկայացրեցին «ամպային տեխնոլոգիաները»: Բիզնես ֆորումն անցկացվեց «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» կարգախոսով:
7. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացվեց «Մայքրոսոֆթի» ակադեմիան: Ակադեմիայում իրականացվելու է վերապատրաստման դասընթաց՝ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար՝ Microsoft-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով, մեթոդաբանությամբ: 2011 թ. մայիսից Ճարտարագիտական համալսարանում գործում է նաեւ Microsoft-ի ինովացիոն կենտրոնը:
8. Ինտերնետ-հասանելիություն: 2012 թ. ինտերնետի գները շարունակեցին նվազել, իսկ ծառայությունների որակն ու արագությունը, ընդհանուր առմամբ, բարձրացել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինտերնետի 1մբ/վրկ-ի համար սահմանել է 13 հազ. դրամ սակագին, նախորդ տարվա 35,6 հազարի եւ 2008 թ. 1,2 մլն դրամի համեմատ: Կտրուկ իջել են նաեւ ինտերնետի մանրածախ գները: Ինտերնետի արագությունն արդեն մոտենում է 5 Մբ/վրկ-ի:
9. Սեպտեմբերին մեկնարկեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը: Ծրագրում ներառված են HP, DELL, ASUS Technolojy PTE LTD ընկերությունները: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլն անցկացվել է 2010 թ., վաճառվել է մոտ 17 հազ. համակարգիչ:
10. Գործնականում ավարտին են հասցվել AREAL արագացուցչի տեղեկայման աշխատանքները: AREAL-ը «Քենդլ» ծրագրի առաջին փուլն է (CANDLE-Center for Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար` սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն): Արագացուցիչները հնարավորություն կտան Հայաստանին՝ դառնալ գիտության առաջատար կենտրոն տարածաշրջանում:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը





























