Վրաստանի հրապարակային ծառայության բյուրոն հրապարակել է երկրի ամենահարուստ մարդու, միլիարդատեր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի հայտարարագիրը, որը կազմել է 31 էջ:
Միայն անշարժ գույքի օբյեկտների թիվը Վրաստանում եւ Ռուսաստանում հասնում է 100-ի: Դրանք բնակարաններ են, սեփական տներ, անբնակ հրապարակներ եւ հողատարածքներ:
Իվանիշվիլին եւ նրա կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն մի քանի տասնյակ ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերեր են, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: Հայտարարագրում կան կետեր նաեւ Իվանիշվիլիի ծախսերի մասին՝ օգնության տեսքով:
Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ ունեցվածքի հայտարարագիրը պաշտոնատար անձինք լրացնում են նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում: Միաժամանակ, ներկայացվում են վերջին տարվա եկամուտները, անշարժ եւ շարժական գույքի մասին տեղեկությունը նշվում է տվյալ ամսվա 1-ի դրությամբ, իսկ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները՝ հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ:




























