Վերջին շրջանում ջրօգտագործման թույլտվություններ են տրվել նոր կառուցված ձկնաբուծարաններին, ինչը բացասաբար է անդրադառնում Արարատյան դաշտի մյուս ձկնաբուծարանները ջրով ապահովելու վրա: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը: Նրա խոսքով՝ նոր ձկնաբուծարանները, որպես կանոն, խոշոր են եւ կառուցվում են ավելի ցածրադիր վայրերում՝ Արաքսի մոտ, Սայաթ Նովա, Նորամարգ գյուղերում:
Հիշեցնենք, որ ձկնաբուծարանները հիմնականում օգտագործում են Արարատյան դաշտի խորքային ջրերը, սակայն անխնա շահագործման պատճառով նկատվում է ջրային ռեսուրսի որոշ նվազում: Բացի այդ՝ ցածրադիր շրջաններում փորված հորերից ավելի հեշտ է ջուր քաշել, սակայն դա անդրադանում է ավելի բարձրադիր շրջանների ջրհորների վրա՝ դրանք պարզապես ցամաքում են կամ նվազում է հորից դուրս եկող ջրի ծավալը: Ըստ Ա. Աթայանի՝ լրիվ ջրազրկումից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել ծայրահեղ միջոցի՝ արգելել նոր ջրհորների փորումը:




























