Արթիկում 80-ականներին արդյունահանվում էր տարեկան 1800 հազ. խմ տուֆ, որի 50 - 60% -ը բաժին էր ընկնում հողաշերտերին` կտորներ, փոշի: Կարծր հանքաշերտերը ավելի քիչ փոշի չէին առաջացնում: Բայց թե մեկ, թե մյուս փոշին ցանկանում էին օգտագործել:
Ներկայումս մեկ «Արթիկտուֆի» փոխարեն տուֆի արդյունահանմանբ զբաղվում է 27 ընկերություն: Սակայն կարծր տուֆին ոչ ոք չի ցանկանում ձեռք տալ. ինչի՞ համար, եթե Արթիկում փափուկ տուֆը բավարարում է բոլորին:
Ժամանակին ինժեներներն ու քիմիկոսները որտեղ ասես չեն օգտագործել տուֆի փոշին: Բետոնի, պոլիմերների, ապակու, անգամ պարարտանյութի արտադրության մեջ: Եւ թող այդ փորձարկումները կույր փորձ չթվան. տուֆի փոշին ներկայումս նույնպես օգտագործվում է հիդրոպոնիկի մեջ:
Տուֆի թափոնն օգտագործվում էր նաեւ ռետինատեխնիկական արտադրության մեջ: Մյուսը բետոնն էր... առանց ցեմենտի: Քարհանքերի հատակում նստած տուֆի փոշին հարմար է նաեւ բետոնի արտադրության մեջ, քանի որ բաղադրությամբ մոտ է ցեմենտին եւ ագամ կարող է օգտագործվել առանց ցեմենտի բետոնի արտադրության մեջ:
Ասում են, որ արտադրության մեջ թափոններ չեն լինում: Ճիշտ է, խորհրդային գիտությունը հիմա ոչ ոքի չի հետաքրքրում, սակայն գիտությունը չի լինում խորհրդային, հայկական, իսպանական: Կա գիտություն եւ կեղծ գիտություն: Եթե այդ փորձերն իրենց արդարացրել են, ապա ինչու չփորձել դրանք օգտագործել: Դրա համար հարկավոր է իմանալ, թե հանրապետությունում որքան է կազմում տուֆի թափոնի ծավալը: Այդ հարցով NEWS.am-ը դիմեց Բնապահպանության նախարարությանը: Գերատեսչությունից հայտնեցին, որ գույքագրման իրենց մտադրությունն արդեն ներկայացվել է եւ քննարկվում է կառավարության կողմից: Ծրագրվում է նաեւ քննարկել դրա հետագա կիրառման հարցերը:




























