Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առավել իրատեսական եւ Վրաստանի շահերից բխող քաղաքականություն է վարում: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին իշխանությունները միշտ չէ, որ երկրի ազգային շահերով էին առաջնորդվում, Հայաստանի նկատմամբ բավական զուսպ քաղաքականություն էին վարում եւ ավելի շատ հակված էին դեպի Թուրքիա եւ Ադրբեջան:

 «Այդ երկրի նոր իշխանությունների քաղաքականությունն առանձնանում է իր իրատեսական բնույթով, ինչն անհանգստացնում է Թուրքիային եւ Ադրբեջանին:  Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալով  Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարելավման հնարավորություն է ստեղծվել, թեեւ որոշ խնդիրներ կան: Եթե իսկապես բացվի Աբխազական երկաթուղին, ապա դա նույնպես զգալիորեն կազդի իրավիճակի վրա», - նշել է քաղաքագետը:

Նա նաեւ հավելել է, որ Վրաստանի գործող իշխանությունների հավասարակշիռ  եւ շրջահայաց քաղաքականության շնորհիվ  Հայաստանը կարող է մեկուսացումից դուրս գալ եւ, Թբիլիսիի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով, աշխուժորեն մասնակցել տարածաշրջանային էներգետիկական տրանսպորտային նախագծերին: