Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանի կազմի ավիացիոն մասը օդերեւութաբանական բարդ պայմաններում սկսել է թռիչքային առաջադրանքների կատարումը՝ «Միգ-29» կործանիչներով:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ թռիչքների ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվում օդաչուական հնարքների կատարելագործմանը եւ լեռներից ոչ մեծ բարձրությունում՝ ծովի մակերեւույթից 4-5 հազար մետր վեր, ցածր ամպամածության եւ մառախուղի պայմաններում օդային մարտի անցկացմանը:

Ռազմական օդաչուների մարտական հմտությունների ստուգման եւ կատարելագործման  նպատակներով ավիացիոն մասում կիրառվում է օդային մենամարտերի արդյունավետ մեթոդը: Այն օդաչուներին կործանիչների եւ դրանց ժամանակակից սպառազինման  հնարավորություններն առավելագույնս օգտագործելը սովորեցնելու ամենագործուն միջոցն է:

Զորամասի հրամանատարությունը մեծապես կարեւորում է երիտասարդ օդաչուների մասնագիտական պատրաստականությունը: 2012թ. արդյունքների հիման վրա նրանցից յուրաքանչյուրն ստացել է «երկրորդ կարգի ռազմական օդաչուի» որակավորում, իսկ երկու օդաչու էլ «առաջին կարգի ռազմական օդաչուի» դասային որակավորում  հանձնելու պատրաստականություն են անցել:

2012թ. ուսումնական տարվա ընթացքում ավիաբազայի թռիչքային կազմն իրականացրել է շուրջ 800 թռիչք: «Միգ-29» կործանիչների օդաչուներն անցկացրել են ավելի քան 500 օդային ուսումնական մարտեր՝  անհատական եւ խմբակային: