Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մոտեցումը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցերին վկայում է այն մասին, որ նա մեծ նշանակություն է տալիս ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Հայ-ադրբեջանական եւ վրաց-օսական հակամարտություններն էականորեն տարբերվում են միմյանցից։ Առաջինը երկու տարբեր քաղաքակրթությունների միջեւ եղած տարաձայնությունների արդյունք է, իսկ երկրորդն առաջացել է երկու մերձավոր ժողովուրդների միջեւ եւ կարգավորման հնարավորություն ունի»,- նշել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Երեւանում Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ բավական նուրբ դիվանագիտական պատասխաններ է տվել։ 

«Վրաստանը տնտեսական կապերով կապված է հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, սակայն տնտեսական համագործակցությունները հակասում են նրա ազգային շահերին»,- ասել է Գագիկ Հարությունյանը։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարության եւ Երեւանում Վրաստանի վարչապետի հայտրարությունների հետ կապված նա խորհուրդ է տվել վստահել Բիձինա Իվանիշվիլիի խոսքին։