Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը թույլ է տվել երկու երկրների միջեւ համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնել։ «2003 թվականի հունվարից Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ գործում է միջկառավարական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Այս բանագավառում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքները թույլ են տվել երկու պետությունների ղեկավարներին համապատասխան կառույցներում զարգացնել պայմանավորվածությունների՝ միջկառավարականից միջպետական մակարդակի անցնելու աշխատանքները»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Ներկա պահին պատրաստվել եւ քննարկվում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման միջպետական համաձայնագիրը։ Այն պաշտպանության ոլորտում գերատեսչությունների եւ կազմակերպությունների ուղղակի համագործակցության հնարավորություն կտա։ Նախարարը նաեւ նշել է, որ նախկինում հաջողվել է Հայաստանի տարածքում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերել, որը կխթանի հայկական ռազմական արդյունաբերության զարգացումը։
Ինչպես հաղորդել են ռուսական լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է Հայաստանի հետ բանակցությունների ավարտից հետո այդ երկրի հետ կնքել ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։




























