Հայաստանի N զորամասի մարտական հենակետերից մեկում հունվարի 14-ին ժամը 10.40-ի սահմաններում ծառայակցին հրազենով վիրավորած զինծառայողին` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Ֆահրադի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեր տեղեկություններով` Տիգրան Բալասանյանը զորակոչվել էր 2011թ գարնանը Երեւանից, այս գարնանը նա պետք է զորացրվեր:
Իսկ Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Արմենի Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
Նշենք, որ փաստի աթռիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս): Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել Արարատում տեղակայված զորամասում, Մհեր Պետրոսյանը զորակոչվել էր Մեղրիից 2012թ գարնանը:



























