Փետրվարի 1-ին ժամը 14:00-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբի անդամների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպմանը ներկա կլինեն ՀՊՃՀ Ռեկտոր Արա Ավետիսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչություն պետ Արկադի Խաչատրյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Յունիքոմփ ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը եւ այլ պատվավոր հյուրեր:

Նշենք, որ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմամբ 2008թ.-ի հոկտեմբերի 1-ին ստեղծվել եւ գործում է նախագահի կրթական պարգեւի Հաղթողների ակումբը: Հաղթողների ակումբի առաքելությունն է Հայաստանի ապագա գիտա-կրթական եւ տեխնոլոգիական վերնախավի ստեղծմանն ու Հայաստանի ՏՏ ոլորտի զարզացման համար արդյունավետ հարթակի ապահովմանը աջակցումը: Ակումբն ունի 150-ից ավելի անդամներ:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են հայաստանյան բուհերի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի եւ Վանաձորի «Էվրիկա» հատուկ դպրոցի ուսանողներն ու աշակերտները:  Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում. Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է սկսած 2005 թվականից: Անցած յոթ տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 241 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: