Երջանկությունն  առաձգական հասկացություն է: Սովահար աղքատի համար դա կուշտ ուտելն է, միլիարդատերի համար` մուլտիմիլիարդատեր դառնալը:

Ժամանակին  ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքսով» (Human Development Index) աշխարհի ամենաերջանիկ երկիր էր համարվել ... Խաղաղ օվկիանոսում գտնվող փոքրիկ Վանուատու պետությունը:

Տարիներ անց ամենաերջանիկ մարդկանց որոնումներով սկսեց զբաղվել նաեւ բրիտանական «New Economic Foundation» հետազոտական կենտրոնը, որի վարկածով անցած տարի ամենաերջանիկը ճանաչվեցին Կոստա Ռիկայի բնակիչները, այնուհետեւ հաջորդում էին  Վիետնամն ու Կոլումբիան: Հայաստանը  53-րդ տեղում էր` առաջ անցնելով Ադրբեջանից (80-րդ տեղ) եւ Վրաստանից (55-րդ տեղ):

Եւ ահա նոր «սենսացիա»: Գերմանացի գիտնականները տարիներով ուսումնասիրել են եկամուտներ, ապրանքների եւ ծառայությունների գների եւ կյանքից բավականության զագացողության (այսինքն նույն «երջանկության») միջեւ կապը մոտ հազար ընտանիքի շրջանում, եւ եկել են այն եզրահանգման, որ բարձր անվանական եկամուտը դեռեւս երջանակության առիթ չէ: Կարեւոր են ապրանքի ձեռք բերման իրական հնարավորությունները:

Այսպիսով, երբ եկամուտը աճում է,  ապա համապատասխանաբար ավելանում է  նաեւ երջանկության զգացողությունը: Բայց եկամուտների որոշակի մակարդակից հետո «երջանկությունն» այլեւս չի արձագանքում նրանց հետագա աճին: Այսինքն, կյանքի նպատակին արդեն նրանք հասած են լինում:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա նկատմամբ, հասկանալի է, որ զգայուն են հասարակության անապահով շերտերը: Իրական եկամուտի կրճատումը, որը հանգեցնում է  ապրանքների եւ ծառայության ձեռքբերման սահմանափակման, մարդուն «դժբախտ» է դարձնում:

Սակայն, ըստ հետազոտողների, երջանկութայն վրա այլ գործոններ նույնպես ազդեցություն են ունենում: Օրինակ, ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են, քան միայնակները: Որքան շատ են երեխաները, այնքան  ընտանիքը երջանիկ է եւ հակառակը:

Կտրուկ բեւեռացված հասարակություններում աղքատության «բեւեռի» ներկայացուցիչները հազիվ թե իրենց երջանիկ զգան` հետեւելով փողային բոհեմի կյանքին: «Դժբախտների» խնդիրը պահանջմունքների մեջ է:

Որքան հարուստ է հասարակությունը,  այնքան աղքատների համար անհասնելի է ապրանքների եւ ծառայությունների էլիտար շեմը: Նման փաստը ճնշող է: Միգուցե, հենց համեստ պահանջմունքներով է բացատրվում Վանուատուի կղզիաբնակների երջանկությունը...

Ալբերտ Խաչատրյան