Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա մարտին երկրում 1 մլն 192,1 հազար զբաղված է եղել: Այսինքն, անձինք, ովքեր աշխատանք ունեն, անկախ նրանից` նրանց աշխատանքը վճարվում է, թե ոչ: Մասնավորապես, վերջինը վերաբերում է ֆերմերներին:
Հայաստանում գործատու-կազմակերպություններից ամենախոշորը, ինչպես եւ ողջ աշխարհում, պետությունն է, որտեղ աշխատողների մասնաբաժինը (ընդհանուր առմամբ 240,8 հազ. մարդ) 2011թ. կազմել է 20,5%: Այսինքն, յուրաքանչյուր հինգերորդ աշխատողը զբաղված է պետական համակարգում: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ այդ թիվը կրճատվել է 43,1 հազարով:
Նշված տարում տեղական ինքնակառավարման մարմիններն աշխատանքով են ապահովել 19,3 հազար մարդու, որը ընդհանուրի մեջ կազմում է 1,6%: Ուշագրավ է, որ հասարակական կազմկերպություններն աշխատանքով են ապահովում 6,3 հազար մարդու:
Հայտնի է, որ ընթացիկ տարվա հունվարից աշխատավարձի չափը բարձարացել է` օերնսդրական փոփոխությամբ պայմանավորված, ըստ որի պարտադիր սոցապահովագրության վճարը հաշվարկվում է աշխատավարձի մեջ:
Այսպիսով, ընթացիկ տարվա փետրվարին ամսական միջին անվանական աշխատվարձը կազմել է 140,7 հազ. դրամ, ընդ որում` պետական հատվածում` առնվազն 113,9 հազ. դրամ, մասնավորում` 172,3 հազրից ավելի: Տարբերությունը բավականին մեծ է: Սակայն կան ոլորտներ, որտեղ պետությունն ավելի բարձր է վճարում, քան մասնավոր ընկերությունները: Օրինակ, նշված ամսում ֆինանսական եւ ապահովագրական ոլորտում պետական հատվածում միջին աշխատվարձը կազմել է 337,0 հազար դրամ, մասնավորում` 330,0 հազար դրամ: Սակայն սա բացառություն է: Հիմնականում մասնավոր հատվածում ավելի բարձր են վճարում, քան պետականում:
Միաժամանակ վարձու աշխատողների շահագործումը մասնավոր հատվածում հաճախ անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Նրանք հաճախ ստիպված են աշխատել արտաժամյա` առանց համապատասխան վարձատրության: Ինչ անել. անփոխարինելի կադրեր չեն լինում, իսկ դրսում գործազուրկների մեծ բանակ է...
Ալբերտ Խաչատրյան




























