NEWS.am-ը զրուցել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ:

 

Պարոն Տեր-Մաթեւոսյան, վերջին օրերին Ստամբուլում, ինչպես նաեւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան ցույցներ, որոնք ուղեկցվեցին բռնություններով, եղան զոհեր,  մեծաթիվ վիրավորներ եւ ձերբակալություններ։ Մամուլում նշված պատճառներից բացի ինչպիսի՞ խորքային դրդապատճառներ կային նման զարգացումների համար։

Իրավացի եք, այն ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Թուրքիայի տարբեր քաղաքներում պարզապես բողոքի ցույցեր չէին եւ Թաքսիմի հրապարակի վերակառուցման պլանները դարձան ընդամենը առիթ Էրդողանի դեմ զանգվածային դժգոհության կուտակված հույզերը փողոց հորդելու համար։ Թաքսիմի հրապարակը եւս պատահական չէր ընտրված թե՜ Էրդողանի, թե՜ ցուցարարների կողմից, քանզի այն տասնամյակներ շարունակ ունեցել է  խորհրդանշական կարեւորություն։ Թե՜ քեմալականները, թե՜ իսլամականները, թե՜ ձախակողմյան շարժումները, թե՜ քրդերը Թաքսիմի հրապարակը համարել են կարեւոր վայր եւ ձգտել իրենց ասելիքը բարձրաձայնել հենց այնտեղ։ Այդուհանդերձ, Թաքսիմի հրապարակը շարունակում է մնալ քեմալական խորհրդանիշներով լեցուն՝ 1927 թվականին կառուցված Հանրապետության հուշարձանը՝ նվիրված Մուսթաֆա Քեմալին, Աթաթյուրքի մշակութային կենտրոնը եւ այլն։ Դեռ 1990-ական թվականներից, երբ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր, նրա ցանկությունն էր Թաքսիմը դարձնել առավել իսլամական եւ օսմանական, այնտեղ կառուցելով այդ կրոնին եւ ժամանակաշրջանին հարիր խորհրդանիշներ։ Հետեւաբար վերջին օրերին տեղի ունեցածը ուներ նաեւ գաղափարախոսական եւ քաղաքական հակամարտության ընդգծված բնույթ, որն իր բնույթով աննախադեպ չէր։ Միեւնույն նաեւ ժամանակ պետք է նշել, որ ցուցարարները միատարր չէին, եւ այնտեղ կարելի էր տեսնել քաղաքական ու գաղափարական կողմնորոշման տարբեր խորհրդանիշներ, տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։ Սակայն առավել ուշագրավ էր քրդական կուսակցության ներկայացուցիչների ու աջակիցների ներկայությունը եւ առավել քան ակտիվ մասնակցությունը ցույցերին։

Ի՞նչ հիմնական պահանջներ ունեին ցուցարարները եւ ինչու՞ այն տարածվեց այլ քաղաքներում եւս։

Բացի Թաքսիմի հրապարակին կից այգու վերակառուցման աշխատանքները դադարեցնելու հիմնական պահանջից, ցույցերը ըմբոստության եւ անհնազանդության դրսեւորում էին Էրդողանի դեմ եւ նրա կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում տարվող հակասական քաղաքականության դեմ։ Աճող հակաժողովրդավարական դրսեւորումները, կառավարության կողմից մամուլի նկատմամբ վերահսկողությունը, մեծաթիվ լրագրողների ազատազրկումը, իսլամական խորհրդանիշների զանգվածային տարածման քաղաքականությունը դարձան այն հիմնական պատճառները, որոնք ցուցարարներին տարերայնորեն բերեցին Թուրքիայի տարբեր հրապարակներ։ Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դժգոհության նման դրսեւորումներ նախկինում էլ են եղել, թեեւ գործադրված անհամաչափ ուժի առումով վերջինն աննախադեպ էր։ Հիշենք, որ 2007  թ․ ապրիլին եւս Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան «Հանրապետական երթեր», որոնց մասնակցեցին հարյուր հազարավոր քաղաքացիներ, սակայն դրանք բռնություններով չուղեկցվեցին եւ չունեցան այնպիսի արյունալի հետեւանքներ ինչպիսիք վերջին օրերին էր։ Կարեւոր է նաեւ նշել, որ Թուրքիայի ոստիկանությունը երբեք էլ աչքի չի ընկել հասարակական կարգի պահպանության անհրաժեշտ մակարդակով եւ դրա վառ ապացույցն էր ցույցերի ժամանակ բռնության դրսեւորումները։ Թուրքիայում տեղի ունեցած ինստիտուցիոնալ բարեփոխումները ոստիկանությանը կարծես շրջանցել են, եւ վերջինս մշտապես գործադրել է առանձնակի դաժանություն, անկախ ցուցարարների սեռային, էթնիկ եւ կրոնական պատկանելիությունից։

Ինչպիսի՞ քաղաքական հետեւանքներ կարող են ունենալ վերջին իրադարձությունները։

Հարկ է փաստել, որ Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները ծավալային ու աշխարհագրական ընդգրկման առումներով իշխանությունների համար կառավարելիության սահմաններում էին, սակայն ժամանակային առումով, տեղի ունեցած իրադարձությունները կարող են խնդրահարույց լինել իշխանությունների եւ առաջին հերթին Էրդողանի քաղաքական ծրագրերի համար։

Ինչպես հայտնի է նոր սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները համակարգող խորհրդարանական հանձնաժողովին տրված ժամանակը երկարաձգվել է մինչեւ ս․թ․ հուլիսի 1-ը։ Դատելով վերջին 1 տարվա ընթացքում այս հանձնաժողովի ցուցաբերած ցածր արդյունավետության հանգամանքից՝ կարող ենք ենթադրել, որ ընդդիմադիր կուսակցությունները, առաջին հերթին «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը կձգտի առավելագույնս շահել ստեղծված իրադրությունից՝ ընդհուպ տապալելով հանձնաժողովի նիստերը։ Հասկանալիորեն, գալիք շաբաթների ընթացքում վերջին իրադարձությունները կշարունակեն մնալ կարեւոր ներքաղաքական բանավեճերի օրակարգում։ Հետեւաբար, խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում նոր սահմանադրության մշակման աշխատանքների ապագան այժմ առավել քան մշուշոտ դարձավ։

Մյուս կողմից, ամենաէական գործոններից մեկն այն է, որ ընդդիմությունը չունի ուժեղ ու ընդգծված առաջնորդ։ Ավելին, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները՝ Քըլըչդարօղլուն եւ Բահչելին, չունեն անհրաժեշտ հանրային աջակցություն եւ թույլ առաջնորդներ են համարվում նաեւ իրենց կուսակցություններում։ Հետեւաբար, նրանք այս պահին չունեն անհրաժեշտ քաղաքական ռեսուրս բողոքի եւ ցասման ալիքը իշխանությունների դեմ ուղղորդելու համար։ Մյուս ընդդիմադիրը՝ քրդական «Խաղացություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, հասկանալիորեն չի կարող նման դերի հավակնել, թեեւ հարկ է առանձնացնել, որ դատելով ցույցերում քրդական կուսակցության ակտիվ դերակատարումից նրանք կարող են ստեղված իրավիճակից օգտվել եւ քրդական հարցում իշխանություններից հավելյալ զիջումներ կորզել։

Հաջորդ խնդիրը գալիք երկու տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք գումարվելով նոր սահմանադրության հնարավոր հանրաքվեին կարող են Թուրքիայում խորքային քաղաքական գործընթացների հիմք հանդիսանալ։ Այնուամենայնիվ, Էրդողանի իշխանության երկարատեւության ուժը տնտեսական առաջընթացն է, որի շնորհիվ Էրդողանը շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Վերջին 10 տարիների համապետական եւ տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում ընտրողների մեծամասնության համար ժողովրդավարության գործոնը առաջնային դրդապատճառ չի հանդիսացել եւ, 1990-ականների սցենարը նկատի ունենալով, նրանք քվեարկել են կայունության եւ տնտեսական առաջընթացի օգտին։ Ինչպիսի՞ն կլինեն գալիք զարգացումներ դժվար է ասել, սակայն, մի քանի բան միանշանակ է, Էրդողանն ունի սեփական առաքելության գերագնահատված ընկալում, քաղաքական հեռագնա ծրագրեր եւ դրանցից հեշտությամբ հետ չի կանգնի։