«Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում, որի ընթացքում գործարարների բազմաբնույթ հարցերն ու մտահոգությունները մեկնաբանել են Պետական եկամուտների կոմիտեի եւ Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները։
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԵԿ–ի ներկայացուցիչները փաստարկում են, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում ստուգման ժամանակ գործատուների նկատմամբ չեն կիրառվելու առանձին տույժեր ու տուգանքներ։ Այնինչ գործարարները պնդում են, որ դրա կիրարկան դեպքում խախտվում են հենց այլընտրանքային ստուգման սկզբունքները. Նույնիսկ նշված չէ ստուգողների որակավորման եւ կարեւոր այլ հարցերի մասին։ ՊԵԿ–ի ներկայացուցիչները հավաստեցին, որ ստուգման գործընթացներում կարող են ներգրավել նաեւ աուդիտորական կազմակերպությունների։ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար կազմակերպելու նման քննարկումները եւ ընդհանրական հարցադրումներն ու առաջարկությունները ներկայացնելու համապատասխան վերադաս ատյաններ։
Հիշեցնենք, որ այս օրինագծին անդրադարձել էր «Հայկական ժամանակ թերթը», նշելով. «Սա ուղղակի ցնցող մի նախագիծ է, որին, մեր տեղեկություններով, դեմ են նույնիսկ Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարությունները: Եւ ուրեմն, ինչի մասին է խոսքը: Այս նախագծով, տնտեսվարողներին առաջարկվում է ՊԵԿ-ին վճարել 10 միլիոնից մինչեւ 500 միլիոն դրամ, որի դիմաց ՊԵԿ-ի աշխատակիցները կգան ու ստուգումներ կանցկացնեն այդ տնտեսվարողի մոտ: Եթե տնտեսվարողը գնա այդ քայլին, լիքը առավելություններ կստանա, մասնավորապես կազատվի ստուգման ժամանակ հայտնաբերված սխալների համար տուգանքներ վճարելու պարտավորությունից: Իսկ ինչ կլինի այն տնտեսվարողների հետ, որոնք չօգտվեն այդ «ընձեռված հնարավորությունից»: Որեւէ մեկը Հայաստանում կասկածո՞ւմ է, որ այդ դեպքում ՊԵԿ-ը մի այնպիսի ստուգում կանցկացնի այդ տնտեսվարողի մոտ, որ հաջորդ անգամ վերջինս չոքեչոք կգնա ՊԵԿ ու կխնդրի իրեն շաբաթը մեկ «այլընտրանքային ստուգման» ենթարկել: Երեկ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան բերել շատ թե քիչ նորմալ մի երկրի օրինակ, որտեղ հարկային մարմինները այդպես` 10-500 միլիոն դրամով սիրահոժար համաձայնում են ստուգումներ անցկացնել տնտեսվարողների մոտ: Միջազգային պրակտիկայում դա ընդունված չէ եւ նման սխեմա կարող է անցնել միայն մեր ՊԵԿ-ի ղեկավարների պրպտուն մտքով»:




























