Միայն պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չէ, որ սիրում են իրենց դիրքն ընդգծել գիտական աստիճան ստանալով. սովորական առեւտրականների համար նույնպես հասարակական դիրքը մեծ նշանակություն ունի: Ռուսական Forbes-ը որոշել է ստուգել, թե արդյոք հայտնի բիզնեսմենների գիտական աշխատանքները գրագողության արդյունք չեն: Հրատարակության «ոսկե հարյուրյակի» առաջին կեսում տեղ են գտել գիտական աստիճան ունեցող 23 միլիարդատերներ, որոնցից 10-ը գիտությունների դոկտոր են: Հրատարակությունն անգամ կազմել է Ռուսաստանի 20 ամենահարուստ գիտնականների ցանկը: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես ցույց է տվել «Դիսերնետ» նախագծի հետ համատեղ անցկացված ուսումնասիրությունը, նրանց մեծամասնությունն ինքնուրույն են գրել իրենց ածխատանքները, համենայն դեպս ոչ ոքից չեն արտագրել:

Ճիշտ է մի քանիսի դեպքում կասկածներ կան: Այսպես, Forbes-ին չի հաջողվել ռուսական ազգային գրադարանում, ուր պետք է ուղարկվեն բոլոր գիտական աշխատանքները, գտնել Ալիշեր Ուսմանովի (Forbes-ի ռուսական տարբերակում համար 1 մեծահարուստը, ում կարողությունը կազմում է 17.6 մլրդ դոլլար), Վիկտոր Վեկսելբերգի (համար 4 մեծահարուստը` 15.1մլրդ դոլլար) եւ Վլադիմիր Եվտուշենկոյի (համար 23 մեծահարուստը` 6.7մլրդ դոլլար) դեսերտացիաները:

 Գրագողության դեմ պայքարողների ուշադրությունը գրավել է նաեւ «Սուրգուտնեվտեգազ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը: Նրա թեկնածուական դեսերտացիան կասկածելիորեն նման է 1 տարի առաջ պաշտպանած «Полюс» ոսկի հայթայթող ընկերության նախկին սեփականատեր եւ Ադիգեայի Հանրապետության նախկին նախագահ Սովմեն Խազրետ Մեջիդովիչի աշխատանքին:

«Դիսերնետ»-ը կասկածելի է համարել նաեւ «Ստրոյգազմոնտաժ»-ի («Գազպրոմ»-ի կապալառու) սեփականատեր, Վլադիմիր Պուտինի երկար տարիների ընկեր Արկադի Ռոտեմբերգի աշխատանքը: Նրա գրած դեսերտացիայից 11 էջ նման են 2 տարի առաջ պաշտպանած Յուրի Մեդվեդեւի աշխատանքին: