Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Ֆրեդ Նիլը կոչ է արել Թուրքիային հարգել ավստրալական պատմությունն ու ճանաչել Օսմանյան կայսրության տարիներին կատարված ցեղասպանության մասին փաստերը:

Խորհրդարանում ելույթ ունենալով` նա հիշատակել է Ավստրալական եւ Նորզելանդական բանակային կորպուսների զինվորներին, ովքեր օգնություն էին ցուցաբերում Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների ցեղասպանության ժամանակ:

Պատգամավորը հայտարարել է, որ 100-ամյա հոբելյանի մոտենալուն զուգընթաց որոշ հայտարարությունների տարածումը բարեկամության դրսեւորում չեն:

Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի ղեկավար Վաչե Ղահրամանյանը ողջունել է Ֆրեդ Նիլի հայտարարությունը: Նրա խոսքով` մի շարք արի ավստրալացի զինվորներ անձնվիրաբար պայքարել են հանուն նրա, որպեսզի օգնեն ցեղասպանության միջով անցած հայերին, հույներին եւ ասորիներին:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Գալլիպոլում հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին որոշ ավստրալացի օրենսդիրների մասնակցությունը չի ողջունվում` հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդումնելու պատճառով: