Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դերասանուհի Աննա Հարությունյանը դիմումը եւ փաստաթղթերը վերադարձնել է վերջինիս: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանի որոշման մեջ նշված է, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:
Ըստ գործի նյութերի` Աննա Հարությունյանը, դիմելով դատարան, խնդրել է կանխել «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմի հետագա ցուցադրությունը և ֆիլմից հանել այն բոլոր տեսարանները, որտեղ ներկա է ինքը: Դատարանը դիմումը վերադարձրել է հետեւյալ պատճառաբանությամբ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն դիմողի կողմից ներկայացրած պահանջը օրենսդիրի կողմից նախատեսված չէ որպես հատուկ վարույթի գործ: Այն պետք է ներկայացվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներով: Տվյալ դեպքում դիմողի կողմից ներկայացված պահանջը չի բխում ընդհանուր հայցային վարույթի դրույթներից, այսինքն թե ում դեմ է ուղղված պահանջը և ով պետք է կանխի ֆիլմի հետագա ցուցադրումը, դիմողը չի նշել իր դիմումում:
Դրանից բացի` Աննա Հարությունյանը դատարանին չի ներկայացրել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն, ինչը պարտադիր է հայցը ընդունելիս:
«Հայցադիմումում պետք է նշվեն գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, հայցապահանջները հաստատող ապացույցները, որը դիմողի կողմից չի նշվել»,- ասված է դատական գործի մեջ: Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ դերասանուհին առայժմ նոր հայց չի ներկայացրել դատարան` հեղինակային իրավունքների վերաբերյալ:
Փորձեցինք Աննա Հարությունյանից ճշտել, թե ինչպես են գնահատում հայցը վերադարձնելու դատարանի որոշումը, պատրաստվում են նորից հայց ներկայացնել, թե ոչ, սակայն նա ոչինչ չցանկացավ մեկնաբանել: Հարցին, թե էլի հայց ներկայացնելու եք, նա պատասխանեց. «Ինձ թվում է` դրա մասին խոսելն անիմաստ է, եթե մի բան ռեալ չէ, ինչի մասին խոսել ձեզ հետ»,- նշեց նա` չբացահայտելով ետ է կանգնել ֆիլմի անձնակազմին դատի տալու մտքից, թե ոչ: Նա նշեց, որ երբ դատարանը որոշում կայացնի, այդ ժամանակ կանդրադառնա այդ թեմային:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում դերասանուհին ավելի վճռական էր տրամադրված` պատրաստ հետեւել դատական պրոցեսին եւ վերականգնել իր խախտված իրավունքները: «Ես հավատում եմ, որ Հայաստանը օրենքի երկիր է, եւ սա հիանալի նախադեպ կլինի: Եթե ես ճիշտ եմ, օրենքը իմ կողմից կլինի: Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ, ու եթե նույնիսկ օրենքը իմ կողմից չլինի, ես սա իմ պարտությունը չեմ համարի, որովհետեւ գոնե կիմանամ, որ կյանքում ես պայքարեցի, ոչ թե պարտվածի նման լռեցի, ի վերջո, կարելի է գեղեցիկ էլ պարտվել, ամեն մարդ իր տեղը պետք է իմանա»,- մասնավորապես նշել էր նա:





























