Շիրակի հարթավայրում հայտնաբերվել են գայլի հնագույն պաշտամունքի հետքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալության Արագածոտն-Շիրակ տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը` Հայաստանի հյուսիս-արեւմուտքում Աշոցք քաղաքից ոչ հեռու գտնվող Մեծ Սեպասար գյուղի մոտ պեղումների ընթացքում:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են պաշտամունքի բազմաթիվ պարագաներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ վաղ բրոնզեդարյան բնակավայրը եղել է պաշտամունքի վայր:
«Պեղումների ժամանակ մենք կենդանիների ոսկորներ ենք հայտնաբերել, այդ թվում նաեւ` գայլի յոթ գանգ: Եթե հաշվի առնենք գայլի պաշտամունքի հնդեվրոպական բնույթը, գտածոն թույլ է տալիս ենթադրելու, որ հնդեվրոպական ցեղերն արդեն այն ժամանակ բնակվել են այստեղ: Իսկ դա ստիպում է այլ կերպ նայել Հայկական լեռնաշխարհում բնակվածների տեղաբնիկության հարցին»,– հայտնել է Եգանյանը:
Համեմատության համար նշենք, որ գայլի պաշտամունքը գոյություն է ունեցել Հին Հռոմում, Հունաստանի Արկադիա մարզում:
Համանուն գյուղի մոտ գտնվող մեծ Սեպասար լեռը հնագետներիի ուշադրությունը գրավել էր դեռ 90-ականների վերջին: Ուսումնասրություններն սկսվել էին լեռան մերձակա բլուրից, որը տեղի բնակիչներն անվանում են «Սուրբ սար» :





























