«Հայ-լեհական կապերը խոր արմատներ ունեն եւ տնտեսական համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվեց երկու երկրների կողմից, բարենպաստ միջավայր է ստեղծելու երկու երկրներում ներդրումների պաշտպանության համար եւ մասնավոր հատվածին օժանդակելու համար»,- մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում նման տեսակետ հայտեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ներկայացրեց նաեւ, որ երկու երկրների վարչապետների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի պետք է ստեղծվի երկկողմ միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու համար քաղաքական, տնտեսական ու ֆինանսական խնդիրները: Բացի այդ, ըստ Տ. Սարգսյանի, իր եւ Դոնալդ Տուսկի միջեւ ձեռք է բերվել կոնկրետ բիզնես համաձայնություն, որը գտնվելու է վարչապետների ուշադրության կենտրոնում:

Իր հերթին, Լեհաստանի վարչապետն ասաց, որ իր երկիրը Հայաստանի հետ ունի պատմական կապեր, որ թե՛ քաղաքական, թե՛ պատմական կապիտալ են: «Հայաստանը ԵՄ „Արեւելյան գործընկերություն“ ծրագրի մասնակից է եւ շատ եռանդ ու ջանք էգործադրում այդ համագործակցության ուղղությամբ»,- նշեց Տուսկն ու հավելեց, որ Տիգրան Սարգսյանի հետ զրույցի ընթացքում բացահայտել են համագործակցության մի շարք դաշտեր, այդ թվում՝ քիմիական եւ արդյունաբերության այլ ոլորտներում, «Միգուցե նաեւ էներգետիկ բնագավառում կընդօրինակենք ատոմակայանի շահագործման հմտությունները»,- ասաց Տուսկն ու ընդգծեց. «Ստորագրված համաձայնագիրը սկիզբն է երկու երկրների հարաբերությունների համար»: