Թուրքիայում Շվեդիայի դեսպան Քրիսթեր Ասպը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի կապակցությամբ պարզաբանումներ տալու համար, հաղորդում է շվեդական անգլիալեզու Local թերթը:

Պարբերականը մեջբերում է նաեւ Շվեդիայում թուրք դեսպան Զերգյուն Կորութուրքի խոսքերը. «Ես շատ հիասթափված եմ եւ փոքր-ինչ զարմացած, որ խորհրդարանն այլ դիրքորոշում ունի: Քանի որ հարցը՝ եղել է, թե չի եղել ցեղասպանությունը, խորհրդարանականների լուծելու հարցը չէ»:

Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) մարտի 11-ին ձայների 131-130 հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Իսկ մեկ շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: