Շվեդիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին եւս մեկ ապացույց դարձան, որ անհիմն են հայտարարությունները, թե Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը երկրորդ պլան է մղում Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը: Այդ մասին NEWs.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի ճիշտ արտաքին քաղաքականությունը, ըստ նրա, խթան դարձավ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործըթնացը նոր լիցք ստանա. «Երկու տարվա ընթացքում Հայաստանը՝ շնորհիվ իր քաղաքականության, դարձավ ավելի հուսալի գործընկեր միջազգային հանրության համար: Պատահական չէ, որ վերջին շրջանում Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին ավելի ու ավելի հաճախ են խոսում, օրինակ՝ Ուելսի վարչապետի հայտարարությունը, Կատալոնիայի խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից փաստի ընդունումը»:
Շարմազանովի կարծիքով՝ թուրք քաղաքական գործիչների նյարդային հայտարարությունները սեփական պատմությունից կոմպլեքսավորվելու փաստ են: «Այսօր Թուրքիայի առաջին դեմքերը պետք է առաջին հերթին նայեն պատմության դեմքին, քանի որ գործընթացն անշրջելի է: Վաղ թե ուշ թուրքերը կհամակերպվեն փաստի հետ»,- կարծում է հանրապետականը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ձայների 131-130 հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Իսկ մեկ շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:



























