Հինգշաբթի՝ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը՝ ի հեճուկս կառավարության խորհուրդների, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:
Ձախ ընդդիմության ներկայացված տեքստն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ: Այնտեղ ասված է, որ «Շվեդիան 1915թ. հայերի, ասորիների, խալդիների եւ պոնտացի հույների նկատմամբ կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանությունը»: Կառավարամետ մեծամասնության չորս ներկայացուցիչներ կողմ քվեարկեցին բանաձեւի օգտին՝ հնարավոր դարձնելով բանաձեւի ընդունումը:
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, թե կառավարության դիրքորոշումը՝ հօգուտ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, մնում է անփոփոխ: «Մենք կարծում ենք, որ սխալ է քաղաքականացնել պատմությունը»,- գրել է նա իր բլոգում:
«Խորհրդարանի որոշումը, ցավոք, չի նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, նաեւ 1915թ. դեպքերի հետաքննությանը հանձնաժողովում»,- ասել Բիլդտը եւ հավելել. «Դա չի նպաստի նաեւ Թուրքիայում հարցի քննարկմանը»:



























