Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորութուրքը, որը հետ էր կանչվել այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց, արդեն լքել է Շվեդիան:
Արդեն Ստամբուլի օդանավակայանում Քորութուրքը հայտարարել է, որ Շվեդիայի խորհրդարանի որոշումը անհիմն է եւ լուրջ հետեւանքներ է ունենալու: «Ենթադրում եմ, որ այս գործընթացը սկսվել է նախընտրական մթնոլորտում»,- ասել է դեսպանը՝ հիշեցնելով, որ այս տարվա սեպտեմբերին Շվեդիայում ընտրություններ են տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին Շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ի նշան բողոքի՝ Թուրքիայի կառավարությունը ետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին եւ չեղյալ հայտարարել 2010-ի մարտի 17-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շվեդիա:



























