Թուրքական Haberturk հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր հեռարձակվող «Պատմության ետեւի սենյակը» հաղորդաշարի ընթացքում կրկին հետաքրքիր իրադարձություն է եղել:
Թուրք հայտնի դիվանագետի աղջիկ, Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող դերասան եւ արվեստագետ Փելին Բաթուն հերթական անգամ մասնակցելով այդ հաղորդաշարին` արտասվել է:
Հաղորդավար Մուրադ Բարդաքչըն հիշեցրել է, որ իրենց հաղորդաշարին կարող են մասնակցել բոլորը եւ այդ ժամանակ ստուդիա է մտել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայտնի հայազգի ընտանիքի ժառանգ Տիգրան Քարագյոզյանը: Տիգրան Քարագյոզյանը սկսել է պատմել իր ընտանիքի պատմությունը, որի ընթացքում էլ Փելին Բաթուն սկսել է արտասվել:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Փելին Բաթուն նախկինում եւս մասնակցելով հիշյալ հաղորդաշարին` մի քանի անգամ կրկնել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ Հաղորդավար Մուրադ Բարդաքչըն մի քանի անգամ դիտողություն էր արել Փելին Բաթուին, որ թուրքերը 1915 թվականի իրադարձությունները չեն համարում ցեղասպանություն եւ նա դրանով հայերի տեսակետն է առաջ տանում։ Երիտասարդ արվեստագետը պնդել էր, որ ինքը հայերի տեսակետը չի պաշտպանում այլ ընդգծում է, որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Հաղորդմանը հետեւող հեռուստադիտողները բացատրություն են պահանջել Փելին Բաթուի պարանոցին կախված վզնոցի վրայի նռան հետ կապված՝ պնդելով, որ նուռը հայերի խորհրդանիշներից է։
Երիտասարդ արվեստագետը պատասխանել է, որ նուռ-վզնոցը գնել է Հայաստանից, բայց դա կապ չունի հայերի հետ, ինքը պարզապես այդ միրգը շատ է սիրում։ Հաղորդավար Մուրադ Բարդաքչըն հիշեցրել է Փելին Բաթուին, որ ԱՍԱԼԱ-ն բազմաթիվ թուրք դիվանագետների է սպանել։ «Իմ հայրը դիվանագետ է եղել։ Ես փոքր հասակից միշտ վախեցել եմ, որ հայրիկիս կսպանեն։ Իմ հոր մոտ ընկերները ԱՍԱԼԱ-ի կողմից են սպանվել, սակայն ես թշնամություն չեմ ցուցաբերելու հայերի դեմ»-պատասխանել է Փելին Բաթուն։



























