Թուրքական Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը իր հրապարակման մեջ անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների պահվածքին՝ կապված ԱՄՆ-ում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության նախագծերի հետ եւ հեգնել թուրքական հետադիմականությունն ու մերժողականությունը։
«Այդ որոշումներից հետո Թուրքիայի իշխանությունները շատ զայրացան եւ Վաշինգտոնի ու Ստոկհոլմի դեսպանները հետ կանչվեցին։ Չեղյալ հայտարարվեցին այդ երկրներ կատարելիք այցերը։ Այս արձագանքները, սակայն, ուղղված են միայն Հայկական օրինագիծը նոր ընդունած երկրների դեմ, իսկ նախկինում ընդունած երկրների դեմ ոչ մի արձագանք չկա։ Ավելի վաղ ցեղասպանությունն ընդունած երկրներում թուրք դեսպանները տեղում են։ Գուցե իշխանությունը որոշում է կայացրել, որ 2010-ից հետո չայցելել եւ դեսպաններ չունենալ այն երկրներում, որտեղ կընդունվի Ցեղասպանությունը ճանաչող օրինագծե՞ր։
Թուրքիայում գերիշխում է տեսակետը, որ Էնվեր փաշան կարող էր հեղաշրջում անել, Օսմանյան կայսության վերջը բերել, 90 հազար երիտասարդի սառեցնելով մահվան դատապարտել, բայց ցեղասպանություն չէր կարող անել։ Մեր մեջ խոսելիս կարող ենք իթթիհադականներին (Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքերին-NEWS.am) քննադատել, սակայն մեր մոտ գերակա է „կեղտոտ լվացքը տնից դուրս չեն հանում“ սկզբունքը։
Տեսեք, նույնիսկ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միությունն (TÜSİAD) է ազգայնամետ դարձել (Հիշյալ կազմակերպությունը չեղյալ հայտարարեց ԱՄՆ կատարելիք այցը):
Այո’, պաշտպանեք զարգացած եւ ամենաանկախ քաղաքականությունը եւ ներկայացրեք շովինիստական քաղաքականություն։ Նշանակում է, որ դուք էլ գաղտնի իթթիհադական եք, կամ էլ ձեր կապիտալի ստեղծման հիմքում իթթիհադականների բաժինը մեծ է։ Եթե իթթիհադականները ազգային փոքրամասնություններին չճնշեին, չկոտորեին՝ ձեր պապերը չէին կարող նստել նրանց ունեցվածքի վրա եւ կապիտալ կուտակել։
Կարճ ասած, ձեր պատմությանը տեր եք կանգնում։ Դե ամերիկացիներն էլ կարմրամորթներին են սպանել, այնպես չէ՞։ Բայց նրանք դա ընդունել են եւ դասագրքերում ներկայացնում են։
Թե՞ հայ մանկահասակ երեխաներին ռուսների հետ միանալու եւ Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար տեղահանեցին, իսկ մայրերին էլ՝ երեխաների զենքը ապահովելու համար։ Թե՞ Օսմանյան դինաստիան դավաճան կարող է լինել, թշնամու հետ կարող է համագործակցել, բայց նրա ղեկավարությունը ցեղասպանություն չի կարող անել։
Եթե Հիտլերը թուրք լիներ՝ հրեաների հոլոքոստն էլ կհերքեինք։
„Ալլահ, Ալլահ“ գոռացող բանակի կողմից պլանավորված մզկիթ պայթեցնելը կընդունենք, նույն բանակի կողմից երկրի բնակչության զանգվածային ոչնչացմանը չե՞նք հավատա։
Պարոն վարչապետ, մեկ անգամ եւս տեղահանության որոշումները տեսեք։ Այդ ինչպե՞ս եղավ, որ իրականում մինչեւ 1,5 միլիոն հայերի թիվը, որոնք վաղուց ապրում էին այս հողերում, այդքան կրճատվեց։ Իմ կարծիքով, ապրիլի 24-ին բոլորը պետք է փողոց դուրս գան հետեւյալ կարգախոսով. „Բոլորս Էնվեր ենք, բոլորս իթթիհադական ենք“:
Hurriyet-ի նախկին խմբագիրն էլ դրոշակներով միտինգներում շատ ակտիվ է եւ „Բոլորս Էնվեր ենք“ միտինգը հաջողությամբ կանցկացնի։ Իմ կարծիքով այդ կարգախոսով պաստառները նույնիսկ 5 լումայով կտան։ Դե, ազգայնականներ դեպի փողոց…»,-ավարտում է իր հրապարակումը Էրգուն Բաբահանը։



























