Վաղը` մարտի 17-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստան կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից, Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագրի ստորագրում:

Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի հետ: Նախատեսվում է հանդիպում ՌԴ-Բելառուս Պաշտպանական համակարգեր միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարության հետ: