Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը շրջելով Թուրքիայի կենտրոնական շրջաններով Թուրքիայում գտնվող պատմական նշանակություն ունեցող արժեքների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթը։

Թոկաթ եւ Ռեշադիյե շրջաններում շրջելուց հետո Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը այցելել է Զիլե, որտեղ քաղաքապետարանի մոտ հանդիպել է քաղաքացիների հետ։ Գյունայը անդրադարձել է Թուրքիայում առկա տարբեր քաղաքակրթությունների կողմից թողած մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես նշելով. «Մշակույթը չի լինում մահմեդական, հայկական, հունական։ Դրանք բոլորը Անատոլիայի հարստությունն են եւ մեր արժեքները։ Դրանց պետք է տեր կանգնենք, պահպանենք, այնուհետ զբոսաշրջիկներին ցույց տանք։ Սելջուկյան, Օսմանական եւ այստեղ ապրած մյուս բոլոր քաղաքակրթությունների մնացորդները մերն են», նշել է նա։