Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում իր պաշտոնակից Նիկոլայ Պատրուշեւի հետ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց:

«Վստահ եմ` նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,- ասել է Նիկոլայ Պատրուշեւը:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ խորհրդատվություններ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել:

«Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: