Սլովակիան եւ Եվրամիությունը պաշտպանում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ հանդես են գալիս Ցյուրիխյան արձանագրությունների շուտափույթ վավերացման օգտին` առանց նախապայմանների եւ այն որեւէ այլ գործընթացի հետ կապելու: Այս մասին մարտի 18-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:
Այնուհետեւ անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությանը, նա ընդգծել է, որ դա ամբողջությամբ կախված է նրանից, թե արդյո՞ք Թուրքիան ամբողջությամբ կիրականացնի ԵՄ կողմից առաջարկվող բարեփոխումները:
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, ապա Սլովակիայի ԱԳ նախարարը ԵՄ-ի ու Սլովակիայի անունից նշեց, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում` մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդիրը լուծելուն»,- ասել է նա:



























