Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, թե պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար:

Անդրադառնալով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը` ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ այսուհետ եւս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները եւ իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաեւ օպերատիվ շտաբի գործունեությունը:

Թոմաս Միրոուն բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը:

Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Կարեւորելով տարածքների համաչափ զարգացումը` կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է գյուղատնտեսության արդիականացումը եւ գյուղատնտեսության զարգացման մոդելի մշակումը: Ի թիվս առաջնային ծրագրերի՝ կարեւորվել են «Զվարթնոց» օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու գյուղմթերքների արտահանման մեծածախ շուկայի ձեւավորումը:

Անդրադառնալով միջնաժամկետ առաջնահերթություններին` զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ էներգետիկ եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունից: Մասնավորապես՝ կարեւորվել է ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձեւավորումը եւ ընդլայնումը:

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: