Պակիստանի իշխանություններն առաջիկայում մտադիր են ազատել «Թալիբան» շարժման բարձրաստիճան յոթ գրոհայինների: Հաղորդագրությունում նշվում է, որ դրանով Պակիստանը հույս ունի աֆղանական իշխանությունների հետ հարթել լարված հարաբերությունները: Մի շարք բարձրաստիճան թալիբների ազատելու կոչով Պակիստանի վարչապետ  Նավազ Շարիֆին ավելի վաղ դիմել էր Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:

Պակիստանի իշխանությունները պաշտոնապես իրենց որոշումը հիմնավորել են Աֆղանստանին գրոհայինների հետ բանակցություններում  աջակցություն ցուցաբերելու ցանկությամբ: Նախորդ տարի Պակիստանն արդեն ազատել էր 26 թալիբների, բացի այդ,  2013թ. հունվարին երկրները հայտարարել էին, որ բաց կթողնեն «Թալիբանի»  հետ կապի մեջ կասկածվող բոլոր գրոհայիններին, հայտնում է lenta.ru-ն:

Նախկինում Աֆղանստանի իշխանությունները հարեւաններին բազմիցս մեղադրել էին թալիբների նկատմամբ տածած համակրանքի համար: Մասնավորապես, Քարզայը պնդում էր, որ իր երկրի տարածքից շարժմանը չի կարողանում հեռացնել, քանի որ դրա ղեկավարներին հովանավորում եւ թիկունք է հանդիսանում Պակիստանը: Պաշտոնական Իսլամաբադը հերքում է այս մեղադրանքները` նշելով, որ առավելագույնս շահագրգռված է Աֆղանստանի իրավիճակի կայունացման հարցում: