Իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում երկու ակտիվիստներին ծեծի ենթարկելու գործի անկողմնակալ քննություն վարել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ապահովել պայմաններ, որպեսզի ակտիվիստներն անխոչընդոտ եւ առանց խտրականության ենթարկելու ու առանց  հատուցման վախի  իրականացնեն իրենց աշխատանքը: Պարտավորությունների կատարում ասելով մի բան է նկատի առնվում. պետք է երկու ակտիվիստներին ծեծի ենթարկելու գործի անկողմնակալ եւ արդյունավետ քննություն վարել, իսկ մեղավորներին գտնել եւ պատասխանատվության ենթարկել»,- հայտարարել է Դենիս Կրիվոշեեւը` Եվրոպայում եւ կենտրոնական Ասիայում Amnesty International  -ի տնօրենը:

Կազմակերպության հաղորդագրությունում գրված է, որ սեպտեմբերի 5-ին Սուրեն Սաղաթելյանը եւ Հայկակ Արշամյանը հարձակման են ենթարկվել Հայկակենց շենքի բակում:

Հայկակ Արշամյանը «Amnesty International»-ի ներկայացուցչին պատմել է, որ իր վրա հարձակումը կապված էր իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման հետ: Նա միջադեպը բնութագրել է որպես «հարձակում քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի անկախ լրատվամիջոցների վրա»:

 «Amnesty International»-ի փորձագետները նշում են, որ Սուրենն ու Հայկակը որեւէ կուսակցության կամ կազմակերպության անդամ չեն հանդիսանում, միայն ակտիվ մասնակցում էին Եվրասիական միություն մտնելու որոշման դեմ ուղղված բողոքին: «Քաղաքացիական  հասարակության ակտիվիստները պետք է իրենց գործն անխոչընդոտ, առանց խտրականության կամ հատուցման վախի կատարելու հնարավորություն ունենան: Իշխանությունները պարտավոր են խրախուսել կարծիքների արտահայտման եւ հավաքների անցկացման ազատության իրավունքը: Միայն արդյունավետ քննությունը ցույց կտա, որ նրանք լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորություններին»,- նշել է Կրիվոշեեւը: