Բարաք Օբաման Պետերբուրգ էր մեկնել ոչ միայն G20 գագաթաժողովում մոլորակի առաջին դեմքերի հետ տնտեսական հարցեր քննարկելու, այլեւ ռուսաստանցի իրավապաշտպանների հետ հանդիպելու: Հանդիպումը կայացել է գագաթաժողովի ավարտից հետո` Պետերբուրգի հյուրանոցներից մեկում:

Ամերիկայի առաջին դեմքի հետ հանդիպել է ինը մարդ, որոնց թվում` «Մեմորիալ» ԳՀԻ-ի փաստաբան Իվան Պավլովը, «Ռուսական ԼԳԲՏ ցանցի» նախագահ Իգոր Կոչետկովը,  «Վիխոդ» ԼԳԲՏ կազմակերպության  ներկայացուցիչ Օլգա Լենկովան (բոլորը Պետտերբուրգից), «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը,  «Մոսկվայի մարզի էկոլոգիական պաշտպանություն» շարժման առաջնորդ Եվգենյա Չիրիկովան (Մոսկվա):

Նրանք մի քանի կարեւորագույն հարցեր են քննարկել. «Համացանցի անվտանգության մասին օրենքը», Ռուսաստանում իրավունքի գերակայության եւ դատական համակարգի անկախության հարցեր: Զրուցել են քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների նկատմամբ գործադրվող ճնշումներից, քննարկել բնապահպանական խնդիրներ, Սիրիայի հարցը եւ Սնոուդենի գործը:

 «Օբամայի հետ շփման գլխավոր արդյունքը մեզ համար Պուտինի այն հայտարարությունն էր, որ «նա էլ է պատրաստ հանդիպել ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչների հետ, միայն թե ոչ ոք դա չի առաջարկել: Ես դա Օբամային էլ չէի առաջարկել, ինքը նախաձեռնեց: Շատ եմ ցավում, որ Օբամայի հետ հանդիպումն ավելի շուտ կայացավ, քան Պուտինի հետ հանդիպումը», - հայտարարել է Կոչետկովը:

Ամենից շատ նախագահը խոսել է ԱՄՆ-ում իրավապաշտպանության հետ կապված վիճակից: Նրա ելույթի հիմնական պաթոսը վերաբերում էր նրան, որ աշխարհում կատարյալ հասարակություններ չկան: Նա հավելել է, որ եթե Մարտին Քինգի հայտնի «Ես երազանք ունեմ» ճառը չլիներ, ինքը հիմա ոչ թե նախագահ այլ  կոշիկ մաքրող կլիներ: Օբաման հիշել է, որ ԱՄՆ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոլորտում արմատական փոփոխությունները կատարվել են վերջին 10-15 տարիներին, հայտնում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ-ի նախագահի հետ ակտիվիստների հանդիպումը փակ է անցել` առանց լրագրողների: Ընդ որում, դա կողմերի համատեղ պահանջն է եղել: