ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթօրյա  ռադիոհաղորդման ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է արել միավորվել Սիրիայի դեմ ռազմական միջամտության հարցի լուծման շուրջ:

«Մենք չենք կարող կույր  ձեւանալ Սիրիայից ստացված կադրերից հետո, որոնք մենք տեսանք»,- AFP-ն մեջբերում է Օբամայի խոսքերը: ԱՄՆ նախագահն, ընդ որում, հավաստիացրել է ամերիկացիներին, որ նախապատրաստվող ռազմական գործողությունը պատասխանում է ԱՄՆ ազգային շահերին եւ չի դառնա «նոր Իրաք կամ Աֆղանստան»:

«Մենք չենք խոսում անորոշ ժամկետով ներխուժման մասին: Դա նոր Իրաք կամ Աֆղանստան չի դառնա: Չի լինելու ամերիկյան ցամաքային ռազմական գործողություն: Ցանկացած միջոցառում, որ մենք կձեռնարկենք, կսահմանափակվի ժամանակով ու մասշտաբով»,-ասել է Օբաման:

Օբամայի խոսքով, եթե ԱՄՆ-ը չարձագանքի, քիմիական զենք բազմիցս կկիրառվի, թունավորող նյութերը կհայտնվեն ահաբեկիչների ձեռքում: «Այս ամենը մեր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է»,- հավելել է Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը վստահեցնում է, որ Դամասկոսում օգոստոսի 21-ին կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել: Դամասկոսում հակառակ  պնդում են, որ քիմիական զենք կիրառել են գրոհայինները: Այդ մասին բազմիցս հայտնել է Ռուսաստանը՝ վկայակոչելով իր տվյալները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ քիմիական զենքը կոնֆլիկտի մեջ ազդեցիկ պետություններ, մասնավորապես ԱՄՆ ներքաշվելու նպատակին ծառայող սադրանք էր: