Եվրամիության երկրները Վիլնյուսում արտգործնախարարների հանդիպման ժամանակ միասնական դիրքորոշում չեն մշակել՝ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական  գործողությանն աջակցելու հարցում: Հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ դատապարտվում է օգոստոսի 21-ի քիմիական հարձակումը, սակայն Սիրիայի դեմ հնարավոր ռազմական միջոցներ ձեռնարկելու մասին ոչինչ չի հիշատակվում:

«Բազմաթիվ աղբյուրներից ստացված» տեղեկության հիման վրա՝ ԵՄ-ի արտգործնախարարները օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական հարձակման պատասխանատվությունը դրել են կառավարական ուժերի վրա եւ պահանջել, որ այդ հարձակման մեղավորները  «անհատական պատասխանատվության ենթարկվեն»: Միաժամանակ փաստաթղթում ընդհանրապես չի նշվում Սիրիայի դեմ ռազմական հնարավոր գործողության որոշակի ձեւաչափը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Վիլնյուսի նախարարական հանդիպմանը, որին ներկա էր նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, հայտնել է, որ ԵՄ-ի արտգործնախարարները կոչ են արել  «հստակ եւ ուժեղ» պատասխան տալ Դամասկոսում քիմիական հարձակման մեղավորներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ թեեւՍիրիայի իշխանությունների բոլոր հայտարարություններին, որ Դամասկոսի մոտ  քիմիական հարձակումն իրականացրել էին գրոհայինները, ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները շարունակում են պնդել, որ դա Ասադի կառավարության ձեռքի գործն էր: Քիմիական հարձակման վերլուծության համար Սիրիայում էր ՄԱԿ-ի հանձնաժողովը, սակայն եզրակացությունները ներկայացնելու համար  ժամանակ է պետք:  ԱՄՆ-ն պնդում է, որ պետք է Սիրիային հարվածել ՝ չսպասելով փորձագետների եզրակացություններին եւ  ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատին, իսկ եվրոպական շատ երկրներ առաջարկում են սպասել հանձնաժողովի եզրակացություններին: