Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների եւ լրագրողների պատվիրակությանը եւ ընդգծել նման այցելությունների կարեւորությունը երկու պետությունների միջեւ կապերի հաստատման եւ խորացման առումով։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում դանիական հանրության մոտ ԼՂՀ-ի եւ նրանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում ձեւավորելու գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին: