Աֆրիկյան շրջագայությունից վերադառանալով՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է Թուրքայի հետ կապված վերջին զարգացումներին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Գյուլը լրագրողներին հարցին պատասխանելով` ասել է, որ Օբամայի հետ 1915-ի հետ կապված խոսելու բան այլեւս չունի, քանի որ ինչ որ պետք էր ասել` իրենք արդեն ասել են, բացատրել են:
Հարցին թե ինչպե՞ս եք մեկնաբանում Էրդողանի «Մեր երկրում անօրինական բնակվող 100 հազար հայերին կվտարենք» արտահայտությունը, հատկապես, որ ինքը ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի հետ լուռ դիվանագիտություն է ընթանում, Գյուլը պատասխանել է. «Պարոն վարչապետը այդ ամենն ասել է Թուրքիայի դրական դիրքորոշումն ընդգծելու տեսանկյունից: Բացի այդ, ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում 100 հազար ապօրինի հայ չկա: Այդ մարդիկ Թուրքիայում աշխատում են եւ իրենց ընտանիքներին են օգնում: Կարծում եմ, որ նա ասել է այն տեսանկյունից, որ Թուրքիան նրանց դեմ ատելություն եւ թշնամություն չի ցուցաբերում:
Մարդկային խնդիրները պետք է տարանջատել քաղաքական խնդիրներից: Ես գիտեմ նրա զգայունությունը մարդկային խնդիրների նկատմամբ: Երբեմն մարդու խոսքը այլ կերպ են հասկանում: Թուրք ժողովրդի մոտ չկա օտարի նկատմամբ թշնամություն եւ ռասիզմ: Մենք միշտ ասել ենք, որ ԱՄՆ-ը , Սփյուռքը եւ Կովկասը տարբեր թեմաներ են: Անհրաժեշտ է հետեւել մեր առաջարկած Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին: Ստատուս քվոյի պահպանումը ոչ մեկի շահերից չի բխում: Դրա համար եմ ասել, որ անհրաժեշտ է անձայն աշխատել: Մինսկի խմբի աշխատանքները տեսանելի վիճակի են եկել: Կովկասում խնդիրների լուծման մեջ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վճռական է, ինչը շատ կարեւոր է»,-նշել է Թուրքիայի նախագահը:



























