Արդեն այս տարի Ռուսաստան կարող են վերադառնալ վրացական գինիներն ու «Բորժոմ» հանքային ջրերը, որոնք շրջանառությունից հանվել են դեռ 2006թ.-ին՝ Ռոսպոտրեբնադզորի որոշմամբ, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վլադիմիր Սալամատովի խոսքով, հուլիսի 1-ից հետո կփոխվի Ռուսաստանի տարածքում որոշ ապրանքների վրա դրված արգելքների ռեժիմը: Դրանից հետո Ռոսպոտրեբնադզորն այլեւ չի կարող վերահսկել իրավիճակը:
Բացառություն է արվելու միայն այն ապրանքների համար, որոնց արգելքը բացատրվում է գիտական տեսանկյունից եւ վտանգ է ներկայացնում բնակչության համար:
Ինչպես նշում է «ՌԲԿ daily»-ն, ԵՄ առանձին անդամը կարող է այս կամ այն ապրանքի միայն կարճաժամկետ արգելք մտցնել: Բայց նրա համար, որ արգելքը մշտապես գործի, պետք է Պարենային անվտանգության եվրոպական գործակալության հավանությունը կամ ԵՄ արգելքը բոլոր 27 երկրների համար:
Ռուսաստանը կարող է արգելափակել վրացական գինիների ներմուծումը, որոնք ներմուծվելու են ծովային տրանսպորտով: Սակայն եթե այն մաքսազերծվի Բելառուսում, դրա ներմուծմանը ոչինչ չի կարող խանգարել:
Միաժամանակ՝ Վրաստանում ռուսական շուկայի բացումը չեն մեկնաբանում, իսկ «Բորժոմ»-ի ներմուծման հնարավորությունը դեռ չի քննարկվել:



























