Հայաստանը ցանկություն ունի դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, եւ այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Չինաստանի Դալիան քաղաքում ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լի Կեցիանը իր հերթին նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին եւ Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաեւ նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։
«Վերջում, պարոն վարչապետ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ եմ հանդիպելու, բայց իմ աշխատանքային օրվա առաջին հանդիպումը հենց Ձեզ հետ եմ ունենում եւ, բացի դա, Հայաստանը միակ պետությունն է, որի հետ այսօր ստորագրում ենք մի շարք փաստաթղթեր»,-նշել է Չինաստանի վարչապետը։





























